ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

«Անձրևի տակ թրջվելիս կուչ մի՛ արի կամ մի՛ շտապի՛ր. միևնույն է` կթրջվես, իսկ վատ եղանակ չկա»

«Անձրևի տակ թրջվելիս կուչ մի՛ արի կամ մի՛ շտապի՛ր. միևնույն է` կթրջվես, իսկ վատ եղանակ չկա»
15.02.2017 | 14:33

Լույս է տեսել ԿԱՐԵՆ ՄԱՐԴԱՆՅԱՆԻ (ԳԱՐՄԱՐ) բանաստեղծական անդրանիկ ժողովածուն: Գիրքը վերնագրված է «Բանաստեղծություններ»:

«ԸՆԹԵՐՑՈՂԸ ԿԿԱՐԴԱ ՔԵԶ ՈՒ ԿՄՆԱ ԻՐ ԽՈՀԵՐԻ ՀԵՏ`ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ»

-Գարմար, ի՞նչ զգացողություն է առաջացնում գրքի ծննունդը:
-Հրաշալի զգացողություն է, տարիների աշխատանքի գնահատական: Սա իմ անդրանիկ ժողովածուն է` ծավալով փոքր,բայց ինձ համար շատ սպասված: Մինչ այս ժողովածուն լույս տեսնելը բանաստեղծություններս հրապարակում էի համացանցում, դարձյալ կհրապարակեմ: Բայց միշտ ներքին անհրաժեշտություն էի զգում տպագրության . բանաստեղծության տպագրությամբ կարծես քեզ բանաստեղծի կոչում են տալիս, թեև այդ կոչումը ինքս ինձ տվել էի շատ տարիներ առաջ,երբ մի օր հասկացա,որ բանաստեղծ եմ դարձել:
Այս ժողովածուն մեծ անակնկալ էր ինձ համար, չէի սպասում, որ մշակույթի նախարարության աջակցությամբ ինձ մեծ նվեր կանի Հայաստանը։ Հաճելի է, որ ապրելով ոչ Հայաստանում`ինձ հնարավորություն տրվեց ժողովածու ունենալ:Ես ինձ ամբողջի մի մասնիկը զգացի: Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր այսօր իրականություն դարձրին երեկվա երազանքս:
Ես չգիտեմ` ապագայում թղթային տարբերակով գրքեր կհրատարակվեն, թե ոչ,բայց ես գիտեմ, որ մենք դեռ սիրում ենք զգալ գրքի բույրը, շոշափել, էջերը շրջել ու լսել թղթերի ձայնը: Հիմա ես իմ ունեցած ժողովածուները նվիրում եմ հաճախ նաև անծանոթ մարդկանց , ու այն զգացողությունը, որ ընթերցողը կկարդա քեզ ու մեկնաբանություն գրելու հնարավորություն չի ունենա, ինչպես սոց.ցանցերում, այլ կմնա իր խոհերի հետ, բանաստեղծության հետ միասին, պարզապես սքանչելի է։ Իհարկե, սոց.ցանցերում արված մեկնաբանությունները կարդալն էլ է հաճելի հեղինակի համար, սակայն գիրքը` անծանոթ ընթերցողին հասնելու զգացողությունը, էլ ավելի մեծ ուրախություն է պատճառում ինձ:
-Տարբեր տարիների գործեր ես ներկայացրել: Նկատեցի, որ 2017-ին գրված բանաստեղծություններ էլ կային: Ինչպե՞ս ես ընտրել գրքում զետեղված գործերը:
-Գրքում զետեղված գործերը մաղի միջով են անցել. ընտրել եմ այն բանաստեղծությունները ,որոնք համարել եմ տպագրությանը արժանի: Այս ժողովածուի մեջ ուշադրության արժանի հայրենասիրական գործեր կան` հայ բանաստեղծությանը հարիր` կոչերի լուռ ձայներ: Հայ բանաստեղծը չի կարող շրջանցել ազգի ու հայրենիքի ցավերը։ Ես, իհարկե, կուզեի չգրել նման բանաստեղծություններ. մարտակոչեր անելը մի լավ գործ չէ, հատկապես երբ ինքդ ոգով խաղաղ ես, սահմանից ու երկրից հեռու ու զենք էլ չես կրել ու չես կրում: Սակայն ինձ դուր չեն գալիս խեղճ ու թույլ բանաստեղծությունները ու հային տառապած ու վտանգված ներկայացնելը: Հայ բանաստեղծն այսօր ևս մեծ գործ ունի անելու. Նա պետք է ոգի ու ուժ փոխանցի, իր ասելիքը հասցնի ընթերցողին ու զերծ մնա պաթետիկ զեղումներից: Սա մի դժվար առաջադրանք չէ` հատկապես երբ գրում ես քո ընկալած ճշտմարտությունը: Ճշմարիտ բանաստեղծությունն, իհարկե, համամարդկային արժեք պիտի ներկայացնի ու սահմաններ հատի, ունենա պարզ ու հասկանալի բառակազմ. կարծեմ այս գրքում մի քանի նման գործեր էլ կան:
-Կարո՞ղ եք ինքդ քեզ կողքից նայել ու ասել`տարիների հետ փոխվե՞լ է ձեռագիրդ:
-Խելոք մարդիկ ասում են` «աճել ես», ինքս էլ եմ զգում, որ բարդ փորձեր եմ անում ու ավելի զգույշ եմ ընտրում բառերը: Հիմա ես իմ ոճը գտել եմ, ինքնաբերաբար հասա այս սանդուղքաձև ոճին. ռիթմիկերքին հանգով ու պարզության ձգտող ոճ է` ձեռագիր, որն այլևս իմն է:
Մարդն ամեն օր նույնը չի կարող լինել, միշտ փոփոխություններ ու շտկումներ է անհրաժեշտ անել, առաջ գնալ` երբեմն հետ նայելով:

«ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻՆ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՍՊԱՆԵԼ.ԴԱ ԱՎԵԼԻ ՎԱՏ Է, ՔԱՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

- «Անազատ մարդու ազատ մտքերը
Մի՞թե չեն անցնում ողջ սահմանները.
Անցնում են,անշու՛շտ,
Բայց դրանից հետո միշտ մահանում են Հրանտ Դինքերը»։
Կարծում ես` Հրանտ Դինքերի մահով մահանում է նաև ազատությո՞ւնը:
-Աշխարհում կան մարդիկ, ովքեր ճշմարիտ խոսք ու արդար համամարդկային պահանջներ ունեն. նրանց սպանելով` աշխարհը ավելի անկատար է դառնում: Ի՞ նչ է ազատությունը, եթե ոչ նրա մասին քննարկումներ չանելու ժամանակաշրջան: Դուք ինձ հարցրեցիք ազատության մասին, ինչպե՞ ս հիմա ես հավատամ, որ վտանգված չէ ազատությունը, չէ որ մենք չենք խոսում ազատության մասին, երբ իրավ ազատ ենք: Հրանտ Դինքերին չի կարելի սպանել. դա ավելի վատ է, քան ինքնասպանությունը: Հարկ է ուղիղ նայել ճշմարտության աչքերին, միևնույն է` ճշմարտությունը կնայի մեզ ուրիշ Հրանտ Դինքերի հայացքներով, միևնույն է` աշխարհում միշտ էլ կծնվեն սկզբունքային ու ազատատենչ մարդիկ, ովքեր կփորձեն աշխարհը ավելի լավը դարձնել: Ես հավատում եմ այս մարդկանց ուժին.նրանք միշտ արթուն կպահեն աշխարհի խիղճը:
Ազատությունը չի մեռնում երբեք, հատկապես երբ ազատվելու ձգտում կա...
- Քսանմեկերորդ դարը նմանեցնում եք վայրի անտառի: Ի՞նչ ես կարծում` աշխարհը գնալով ավելի վա՞տն է դառնում, թե՞ ավելի լավը: Ինքդնդ ո՞ր դարում կուզեիր ապրել:
Քսանմեկերորդ դարը արագ սլացք ունի, այստեղ չես կարող ժամանակի հետևից չհասնելու ապարդյուն փորձեր անել: Միշտ մեկ քայլ առաջ պիտի լինես ուրիշներից, իսկ ավելի լավ է մի քանի քայլ նույնիսկ: Մրցակցության կանոնները վաղուց խախտված են, ու չկա հստակ կյանքի ռիթմ։ Հոսանքի հետ գնալու իրավունք չունես. սա ուրիշ դար է, սա նոր դարերի սկիզբն է, ու ներքին հեղափոխություն է պետք անել, լինել ավելի ուժեղ, քան էի՛ր:
Աշխարհը միշտ էլ նույնն է, մարդիկ էլ են նույնը, բայց ժամանակներն ու բարեքերը շատ արագ են փոխվում, անհրաժեշտ է հասցնել նաև նոր տեխնոլոգիաներից օգտվելով` չորցնել այն կարևորը,որը մեզ զգալու ունակություն է տալիս: Այս դարն էլ իր մարտհրավերներն ունի, միայն պատրաստված ու գիտելիքով զինվածը կհատի եզրագիծը:
Ինձ դուր է գալիս այս դարը, շնորհիվ մեր ժամանակներում արտադրված տեխնոլոգիաների մարդն ավելի ազատ է ու քիչ հոգսեր ունի, քան առաջ: Ինքս էլ մայրցամաքից մայրցամաք հաղորդագրություններ եմ գրում ընկերներիս ու գիտեմ,որ մարդն անսահման հնարավորություններ ունի, ու կգա ժամանակ, երբ մեկ այլ մոլորակ մեկնող մարդատար հրթիռը կընկալվի այնպես սովորական, ինչպես հիմա ` քաղաքից քաղաք ընթացող ավտոբուսը:
Թե ընտրություն լիներ ես կապրեի մի դարում, երբ առողջապահությունը անվճար կլիներ բոլորի համար, ու առողջապահության զարգացվածությունը հնարավորություն կտար բուժել գրեթե բոլոր հիվանդությունները: Երբ պատերազմներ չէին լինի, ու մարդու աշխատանքը մղված կլիներ մարդկանց կյանքը ավելի բարեկեցիկ դարձնելուն: Սա մի ոսկե դար կլիներ ու գուցե թե լինի նաև...
-«Սպանե՛ք մեզ, երբ քնած կլինենք,
Որովհետև դուք չեք կարող մեզ սպանել,
Երբ արթուն ենք»:
Թշնամուն բնորոշող այս բանաստեղծությունը մեկ այլ հարց առաջացրեց` իսկ արդյո՞ք արթուն ենք այսօր մեր քայլերում, մեր պատմությունը կերտելիս:
-Մենք, ցավոք, ազգովի կիսարթուն ենք, սակայն քնած էլ չի կարելի համարել մեզ, քանի որ մեզանում կան արթուններ, ովքեր արթուն են մնում ,երբ շատերն են ընկնում անհատական շահի հետևից: Մեր առջև հազար պատեր են շարում, մենք ինքներս ենք նաև հաճախ չհավատալով մեր ուժերին ` արհեստական պատեր շարում ու միմյանց փնտրում աշխարհից աշխարհ: Վտանգները շատ են, ու ուտ բառեր չեմ գրի. ունենք ձուլվող մեծ սփյուռք ու լեզուն մոռացող սերունդներ: Ունենք աղքատ տնտեսությամբ ու պատերազմող հարևաններով շրջապատված Հայաստան:
Օրհասի ժամին միասնանալու սովորությունը պետք է փոխենք ու միասնանանք նաև խաղաղ ու տոնական օրերին: Իմ պատկերացրած հայը ուժեղ, գիտելիքներով զիված հայն է,ով եթե սփյուռում է ապրում, հազար թելով կապված է հայրենիքի հետ, թե հայրենիքում է ապրում, զինված է ոչ միայն գիտելիքներով, այլև դեռ մանկուց զենք է գործածում ու հոգեբանորեն պատրաստ է պարտության մատնել յուրաքանչյուր թշնամու,ով կխախտի երկրի սահմանը: Մեր թշնամին ազգություն չպիտի ունենա, մենք չպիտի ընկալենք նրանց որպես ինչ-որ էթնոսի ներկայացուցիչներ, այլ ուղղակի վտանգ, որը պետք է չեզոքացնել ու ամեն վայրկյան պատրաստ լինել պատերազմի:

Շատ աշխատանք կա անելու, բայց հիմնական խնդիրների խնդիրը տնտեսությունը վերականգնելու դանդաղ քայլերն են: Ինչպե՞ս է ստացվում,որ հայը արտերկրում կարողանում է ինտեգրվել ու հաջողության հասնել, իսկ իր երկրում աղքատ է ու պայքարում է ցրտի ու էլի հազար կենցաղային խնդիրների դեմ: Հաճախ նաև անարդարության, սեփական երկրում անիշխանության զգացողությունից է քաղաքացին լքում երկիրը, բռի ու վայրենի բարքերը,իշխանական աթոռի կռիվները,փողոցային հեղափոխությունները նրան հուսալքության են մատնում: Ես դեմ եմ և ա՛յն իշխանությանը, որը ամեն ջանք չի գործադրում, որպեսզի վերականգնի երկրի տնտեսությունը։ Ես նաև դեմ եմ այն ընդդիմադիրներին, ովքեր ամեն օր դրոշ են ծածանում ու չունենալով ազգային գաղափար` միայն մի երգ են երգում`փոխել իշխանությունը: Մտքի, արարման ու ստեղծման հեղափոխություն է անհրաժեշտ անել: Հայաստանը կարող է շտկել մեջքը։ Ես հավատում եմ այն մարդկանց,ովքեր մի օր կգան ու զուտ ազգային շահերից ելնելով` կգործեն : Չեն դառնա խամաճիկ, չեն ընկրկի, կլինեն ուժեղ ու կամային:
Մեծ ուրախությամբ իմ գիրքը նվիրում եմ այն մարդկանց,ովքեր տիրապետում են մայրենի լեզվին: Ազգությամբ հայ դեռահասներն ու երեխաները հայերեն չեն խոսում Ռուսաստանում, չեն տիրապետում լեզվին. Սա ինձ համար մեծ ցավ է,ախր մենք ուժեղ ենք միասին,ուժեղ ենք նույն լեզվի տանիքի ներքո: Մեր արթունները քիչ են,բայց նրանք են կորիզը, որից մի օր ծիլ կտա մեր կենաց ծառը: Հավատս մեծ է, քանի որ տեսել եմ հայրենիք շտապող երիտասարդների աչքերի փայլը. նրանք գալիս էին երկիրը պաշտպանելու։ Մի՞ թե սա չէ այն ապացույցը, որ մենք կանք, ու հայը արթուն է:

«ԵՍ ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ, ՈՐ ՕՏԱՐԸ ՄԵԶ ԱՎԵԼԻ ՇԱՏ Է ՍԻՐՈՒՄ, ՔԱՆ ՄԵՆՔ ԻՆՔՆԵՐՍ»

-Գրում ես. «Մեր պատմությունը գրում ենք հենց մենք»: Ի՞նչը կսրբագրեիր մեր այսօր գրվող պատմության մեջ:
-Մեր գործողությունների շնորհիվ է միայն հնարավոր փոխել իրականությունը, որում մենք ենք ապրում: Անհատի ու ազգի ճակատագրին չեմ հավատում։ Չեմ հավատում նաև, որ ոչինչ չանելով, փոսում նստելով կգան ու մեզ ցույց կտան փրկության ճիշտ ճանապարհը, ավելին` երբեք չհավատաք, թե պարան ու սանդուղք կիջացնեն,որ մեզ հանեն մեր փորած փոսից:
Ինձ դուր չի գալիս աշխարհը միաբևեռ դարձնելու բռնի գործողությունը, որը ստիպում է ազգերին վերափոխվել ու դառնալ անհատներ` առանց հստակ ազգային պատկանելիության ու հիշողության: ջինսի սերունդներ են գալիս, ովքեր դեռ աշխարահաքաղաքացի չեն,բայց կեղծ գաղափարների կրող են: Սակայն աշխարհը գեղեցիկ է բազմազգ, բազմաերանգ , տարբեր մտածողության տեր ու տարբեր կրոնների դավանող մարդկանցով ,ազգերով ու պետություններով:
Ինձ դուր չի գալիս նաև, որ Հայաստանի նման փոքր երկրում այլ պետություններից փոխանցվող գումարներով հաճախ կասկածելի գործունեություն են ծավալում ու քարոզներ են անում ինչ-ինչ կրոնական ու ոչ կրոնական ուղղվածությամբ հասարակական կազմակերպություններ: Ես չեմ հավատում, որ օտարը մեզ ավելի շատ է սիրում, քան մենք ինքներս։ Հաճախ ավելի լավ է չօգնեն, քան թե իրենց դրոշների տակ մեր գլուխները խոնարհված տեսնելու մղումով գումարներ ուղարկեն մեր ծակ գլուխներին, ովքեր ստրկամտատիպ են ու ոգով խեղճ ու չեն հասկանում կամ հասկանալով պատրաստ են հոգիները նույնիսկ սատանային վաճառել, միայն թե հաջողեն:
Մեր այսօրվա գրվող պատմությունը փորձում են օտարի թելադրանքով գրել տալ. Ես կփոխեի միայն ազգային հոգեբանությունը. հաղթողի վճռական հավատով մի սերունդ է պետք դաստիարակել,որը մեզանից լավը կլինի։ Սա եկող սերունդների վրա առկա խնդիրները բարդելու ցանկություն չէ, այլ մեր ազգային գաղափարները իրագործելու միակ ու հավանական ճանապարհը:


«ԲԱՆԱՍՏԵՂԾՆ ԱՌԱՆՑ ՍԻՐՈ ՉԻ ԿԱՐՈՂ ԳՐԵԼ ՆՈՒՅՆԻՍԿ ՈՉ ՍԻՐԱՅԻՆ ԳՈՐԾԵՐ»

-Բանաստեղծները գրում են կամ չեն գրում ինչի մասին ասես, բայց սիրո մասին գրում են անպայմանորեն: Բանաստեղծական շարքեր սիրո մասին թերևս գրել եք: Իսկ կարող ե՞ք բանաձել, սահմանել ՍԵՐԸ:
-Սիրո սահմանում գոյություն չունի. կան մարդիկ, ովքեր պնդում են,որ սերը հորինված ու գրքային է, մարդիկ էլ կան սիրո գիտական ու հոգեբանական վերլուծություններ են անում, իսկ այն երջանիկները, ովքեր ոչինչ չեն գրում ու չեն խոսում սիրո մասին, իրապես սիրում են: Բոլորս էլ սիրում ենք, իսկ բանաստեղծն առանց սիրո չի կարող գրել նույնիսկ ոչ սիրային գործեր: Բանաստեղծը սիրում է, նա ամեն կնոջ մեջ սիրելու մի գույն է տեսնում, նա հենց այդ գույների մասին է հաճախ գրում:
Գիշերաթիթեռն ինչպես լուսասեր,
Մենք ամենուր նախ որոնում ենք սեր:
-Ի՞նչ կասեիր ընթերցողին` վերջում:
-Ոչնչի ու ոչ ոքի չսպասելով` ամեն օր հիացի՛ր ու զարմացի՛ր կյանքով: Երջանիկ եղի՛ր ամեն օր, փոքր քայլեր արա՛ կամ ինչպես կարող ես` ընթացի՛ր դեպի երազանքդ, բարի մնա՛, երբ անգամ դա նորաոճ չէ, մի՛ փոխվիր,երբ շատերն են փոխվում: Անձրևի տակ թրջվելիս կուչ մի՛ արի կամ մի՛ շտապի՛ր. միևնույն է` կթրջվես, իսկ վատ եղանակ չկա: Հարմար առիթ մի՛ փնտրիր սիրո խոստովանության համար, ավելին` սիրո խոստովանություն մի՛ արա, այլ միշտ սիրի՛ր, դա այնքան էլ հեշտ գործ չէ, բայց գործողությունն ավելի մեծ կշիռ ունի, քան բառը: Քայլելիս ոտքերիդ տակ մի՛ նայիր միայն, չէ՞ որ կարող ես չտեսնել մի գեղեցիկ թռչնի թռիչք: Ճախրելը թռչնի գործը չէ միայն, ու դու լավ գիտես,որ նույնիսկ բանտված` դու ամենաազատն ես, երբ երազանք ու նպատակներ ունես: Օգնի՛ր նրան, ով խնդրեց քո օգնությունը։ Անտարբեր չդառնա՛ս երբեք, որովհետև դա անբուժելի է: Հոգիդ միշտ բա՛ց պահիր. այնտեղ բնակվող մարդիկ պատահաբար չեն հայնվել հոգումդ, դու մի օր նրանց հրավիրել ես քո աշխարհը: Երջանի՛կ եղիր ամեն օր, որովհետև երջանիկներինն է երկրային արքայությունը:


Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4686

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ